ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող տարբեր հանցավոր խմբեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել և չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող տարբեր հանցավոր խմբեր: (Տեսանյութ)
Մասնավորապես, ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 2018 թվականի հունիսին բացահայտվել է անդրազգային հանցավոր խումբ, որի անդամները, Հայաստանն օգտագործելով որպես տարանցիկ գոտի, փորձել են ԻԻՀ-ից մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ փոխադրել Վրաստան:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ ՔՎ-ում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ԻԻՀ-ում գտնվող ՀՀ քաղաքացի Վ.Գ-ն քննությամբ առայժմ չպարզված անձից ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով մոտ 40 գ «ափիոն» տեսակի, մոտ 3 կգ «հերոին» տեսակի և ավելի քան 2 կգ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ: Այնուհետև, նախնական պայմանավորվածության համաձայն, Վ.Գ-ն թմրամիջոցներով փաթեթները ինքնությունը չպարզված անձի միջոցով հայ-իրանական սահմանի՝ նախապես համաձայնեցված հատվածում փշալարերի վրայով նետելու միջոցով փոխանցել է ՀՀ քաղաքացի Ռ.Օ-ին, ով իր հերթին թմրամիջոցների խմբաքանակը տաքսի ավտոմեքենայով փորձել է տեղափոխել Լոռու մարզի Շամլուխ գյուղ, սակայն ճանապարհին ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ ԱԱԾ աշխատակիցները նույն օրը դարանակալել և ձերբակալել են նաև թմրամիջոցների հիշյալ խմբաքանակը վերցնելու համար հայ-վրացական սահմանն ապօրինի հատած և նշված վայր ժամանած Վրաստանի քաղաքացի Գ.Գ-ին, ով թմրամիջոցը պետք է տեղափոխեր Վրաստան ու հանձներ մեկ այլ անձի:
Քրեական գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել՝ Ռ.Օ-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի, Գ.Գ-ին՝ 329-րդ հոդվածի 1-ին մասի և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, Վ.Գ-ին՝ 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Վերջին երկու ամսվա ընթացքում ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են թմրամիջոցների մաքսանենգությամբ և ապօրինի շրջանառությամբ զբաղվող այլ խմբեր ևս:
Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում 2018 թվականի մայիսին հարուցված քրեական գործով պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Հ.Կ-ն, նախնական համաձայնության գալով ՀՀ քաղաքացիներ Գ.Ն-ի, Հ.Թ-ի և Սիրիայի քաղաքացի Ք.Պ-ի հետ, Թեհրան-Երևան չվերթով տեղափոխել և մաքսային վերահսկողությունից թաքցնելով ՀՀ տարածք է փոխադրել ԻԻՀ-ից ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով՝ մոտ 50 գրամ «մետամֆետամին» տեսակի թմրամիջոց և զգալի չափերով՝ 4.5 գրամ «հաշիշ» տեսակի թմրամիջոց: Սակայն «Զվարթնոց» օդանավակայանում վերջինս բերման է ենթարկվել ԱԱԾ աշխատակիցների կողմից, նրա անձնական իրերում և կիթառի մարտկոցի բնիկի մեջ հայտնաբերվել է թմրամիջոցների ողջ խմբաքանակը:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հ.Կ-ին, Գ.Ն-ին, Ք.Պ-ին և Հ.Թ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, Հ.Թ-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ԱԱԾ ՔՎ-ում 2018 թվականի հուլիսին հարուցված մեկ այլ քրեական գործով ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացիներ Դ.Ա-ն և Է.Ծ-ն, «Մեղրի» մաքսակետով անցնելով ԻԻՀ տարածք և ապօրինի ձեռք բերելով շուրջ 300 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց, նույն օրը, ուղիղ աղիքում թաքցնելու եղանակով շրջանցելով մաքսային հսկողությունը՝ այն տեղափոխել են ՀՀ պետական սահմանով, սակայն «Մեղրի» մաքսակետից բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾաշխատակիցների կողմից:
Դ.Ա-ին և Է.Ծ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։